Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան - VIP Catalog - VIP Catalog

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան







Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը հիմնվել է 1973թ. ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի 1970թ.-ի մայիսի 25-ի որոշմաման համաձայն և հանդիսանում է Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը:
1934թ.-ից մինչ թանգարանի ստեղծումը Արա Սարգսյանը և Հակոբ Կոջոյանը բնակվել ու ստեղծագործել են այստեղ:
Տուն-թանգարանի հավաքածուն կազմում են ինչպես թանգարանի պատկանելիության, այնպես էլ արվեստագետների ընտանիքների սեփականությունը հանդիսացող ստեղծագործությունները:
Տուն-թանգարանի գոյության կարևոր գրավականն է արվեստագետների ստեղծագործական ժառանգության պահպանումը, գիտական ուսումնասիրությունն ու պրոպագանդումը;
Արա Սարգսյանը ծնվել է 1902 թ. ապրիլի 7-ին Պոլսի մոտ գտնվող Մաքրի գյուղում: 1914թ. ընտանիքով տեղափոխվել է Կոստանդնապոլիս: 1919-1921 թթ.  սովորել է Պոլսի գեղարվեստի վարժարանում: 1921-24թթ. սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում` աշակերտելով Էդմոնդ Հելմերին և Յոզոֆ Մյուլներին: 1925թ.-ից բնակվել է Հայաստանում և իր կյանքը նվիրել սիրելի ժողովրդին: 1932թ  նրա ջանքերով հիմնադրվում  է ՀՍՍՀ նկարիչների միությունը, որը նախագահել է բազմիցս:1945թ. հանդիսացել է Երևանում իր իսկ կողմից հիմնադրված գեղարվեստաթատերական ինստիտւտի առաջին ռեկտորը և քանդակագործության ամբիոնի վարիչը: Արա Սարգսյանը վախճանվել է  1969 թ. հունիսի 13-ին Երևանում:
Թանգարանում Արա Սարգսյանը ներկայացված է վաղ` վիեննական ստեղծագործական շրջանից սկսած, այնուհետև խորհրդային ժամանակաշրջանով, մոնումենտալ դեկորատիվ քանդակներով, ինչի շնորհիվ նրա արվեստը տպավորվում է առավել ամբողջական և որոշակի ստեղծագործական զարգացման մեջ:                  
 
Ստեղծագործությունները առանձնանում են ժանռային բազմազանությամբ` թեմատիկ-հորինվածքային, հաստոցային, մանրաքանդակ,
հարթաքանդակ, մոնումենտալ   և հուշակոթողային:
  Քանդակագործը վարպետորեն տիրապետել է տարբեր նյութերի`փայտ, մարմառ, շամուտ, բրոնզ, բազալտ, գրանիտ և այլն:
 
Թանգարանը ներկայացնում է նաև Ա. Սարգսյանի շուրջ 2 տասնյակ բեմական ձևավորումներից մի քանիսը, գծանկարներ, գրաֆիկական էջեր:
Հավաքածուն համալրված է քանդակագործի անձնական իրերով, որոնց մի մասը ցուցադրվում է վարպետի
առանձնասենյակում` գործիքներ, լուսանկարներ: Թանգարանը պահպանում է արվեստագետի հուշաձեռագրային ժառանգությունը` հոդվածներ, նամակագրություն, ելույթներ, անտիպ պյեսներ և այլն: Բազմաթիվ ծոցատետրեր և ալբոմներ ներկայացնում են նրա ուսումնասիրություններն ու գրառումները, գծանկարներն ու էսքիզները:

Թանգարանի գողտրիկ բակում ցուցադրված են ՙՀիրոսիմա՚ (1957թ.) և ՙՄայր Հայաստան՚ (1968թ.) մոնումենտալ քանդակները: Վերջինս Ա. Սարգսյանը արարել է որպես ժողովրդի ստեղծագործ ոգու խորհրդանիշ, զետեղելով կանացի կերպարի մեկ ձեռքում Զվարթնոցի  տաճարի խոյակներից մեկը, մյուսում` դափնեճյուղ:


Ա. Սարգսյանին, որպես մեծ արվեստագետի, հետաքրքրել է  ճարտարապետության և քանդակագործության սինթեզի խնդիրը, որն
արտահայտում են օրինակ` օպերայի հրապարակի Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի արձանների և ՙՍահակ Պարթև Մեսրոպ Մաշտոց՚ խմբաքանդակի նախագծերը: Վերջինս նախատեսված էր Մատենադարանի ֆասադին կից հարթակում տեղադրվելու համար, սակայն խորհրդային  հայեցակարգից ելնելով` նախագիծը չէր իրականացվել: Այժմ խմբաքանդակը իր տեղն  է գտել ԵՊԲՀ-ի բակում իբրև  ուսումնառության խորհրդանիշ 
                                                                       
                                                         
Այս մտահղացումների նախնական էսքիզները, գծանկարները և քանդակային փորձերը պահպանվում են թանգարանի ֆոնդերում  ինչպես նաև ցուցադրվում են:


                                  

                                                                                                                       
Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883թ.  դեկտեմբերի 13-ին Ախալցխա քաղաքում, ոսկերչի ընտանիքում: 1890թ. ընտանիքի հետ տեղափոխվելով Վլադիկավկազ, սովորել է տեղի վարժարանում, արժանանալով օսեթական նկարչի ուշադրությանը: 1900թ. մեկնել է Մոսկվա, ուր հաճախել է փորագրիչ

Պրուսովի
արվեստանոցը,      տիրապետել նոր նյութի տեխնիկայի գաղտնիքներին: 1901-1907թթ. Սովորել է Մյունխենում Անտոն Աշբեի գեղարվեստական    ստուդիայում և    Գեղարվեստի ակադեմիայում: 1907 թ. մեկնել է Փարիզ կատարելագործվելու: 1918թ. տեղափոխվում է Երևան և մինչև կյանքի վերջը ապրում և ստեղծագործում է հայրենիքում: Հակոբ Կոջոյանը վախճանվել է. Երևանում 1959 թ ապրիլի 24-ին: 


  Հակոբ Կոջոյանի արվեստում միաձուլվեցին արևելքի և արևմուտքի մշակույթների ավանդները, հայ մանրանկարչության, որմնանկարչության և արհեստների սկզբունքների վերաիմաստավորումը և համադրումը իր ժամանակի ձևամտածողության հետ:    
       
     Թանգարանը ներկայացնում է Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունների թեմատիկ, ժանրային և տեխնիկայի բազմազանությունը` գրքի ձևավորում, սյուժետային     պատկեր, բնանկար, դեկորատիվ մոտիվներով երկեր, կիրառական արվեստի էսքիզներ, բեմական ձևավորումներ:               
                                                                                                                                                 
Հ. Կոջոայնի տեխնիկան հարուստ է ու բազմազան. ջրաներկ, տեմպերա, մոմաներկեր, տուշ, փայտափորագրություն:
ՙՍասունցի Դավիթ՚ մեծադիր կտավը մոնումենտալ գեղանկարչության հիանալի օրինակ է, որն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական ուժը, հայրենասիրությունը: Բազմիցս անդրադառնալով Սասունցի Դավթի կերպարին ` Հ. Կոջոյանը ձևավորել է

ՙՍասունցի Դավիթ՚ օպերան, ուր արտահայտվել են հայ մոնումենտալ գեղանկարչության անվանդները և  մոդերն ոճի էլեմենտները: 
Արա Սարգսյանը և Հակոբ Կոջոյանը XX դարի հայ կերպարվեստի խոշորագույն դեմքերն են, որոնց արվեստը պահպանել է իր արդիականությունը:

Սիրով սպասում ենք ձեզ
Տոմսի արժեքը 300 դրամ
 
Ք. Երևան, Պուշկինի 70 (սուրբ Զորավար եկեղեցու բակում )
հեռ: (37410)561160
e-mail: altunyan@yahoo.com

2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: