ժողովրդական ստեղծագործության կենտրոն - VIP Catalog - VIP Catalog

ժողովրդական ստեղծագործության կենտրոն










  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և գեղանկարչական աշխատանքներ:
  Թանգարանի հավաքածուի կազմավորումը սկսվել է 1930-ական թթ. վերջերին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորած մի խումբ նվիրյալների կողմից: Աշխատանքներն ընթացել են հայ կերպարվեստի ականավոր դեմքերի` Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գաբրիել Գյուրջյանի անմիջական օգնությամբ և խորհուրդներով: Նրանք հավաքչական հսկայական աշխատանք են կատարել` հարստացնելով հավաքածուն ժողովրդական արվեստի եզակի նմուշներով: Նրանց ջանքերով հիմնադրվել է ժողովրդական ստեղծագործության տունը, որի հիմքի վրա էլ հետագայում` 1978 թվականին,  բացվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը:
  Թանգարանի ցուցանմուշներն ազգային մշակույթի արժեքներ են, որոնք մեզ են հաղորդում դարերի ընթացքում ժողովրդի ձեռք բերած փորձը, լայն պատկերացում  տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման տարբեր փուլերի մասին:
  Այժմ  հավաքածուն ընդգրկում է շուրջ 12000 թանգարանային առարկա: Ցուցադրվում են փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման /այդ թվում արծաթագործության/, ասեղնագործության, քարարվեստի, խեցեգործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական աշխատանքներ:
  1979 թվականին Դիլիջան քաղաքում բացվեց Ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղը: Շենքը կառուցվել է 1896 թվականին և պատկանել  հայտնի ազգային - հասարակական գործիչ, բարերար, իշխանուհի Մարիամ Թումանյանին:  Մասնաճյուղը բացվել է այդ տան վերջին բնակչի` Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ:
  Ժողովրդական արվեստի թանգարանի հավաքածուն շարունակում է համալրվել պետական գնումների, ինչպես նաև նվիրատվությունների շնորհիվ: Այդ գործում մեծ դեր ունեն հատկապես սփյուռքահայերը, ովքեր թե' իրենց ստեղծած աշխատանքները և թե’ աշխարհի տարբեր երկրներում ձեռք բերած հայկական արվեստի եզակի նմուշները նվիրում են թանգարանին:
  Թանգարանը մեծ ուշադրություն է դարձնում հայկական ավանդական  արհեստների զարգացմանը և հանրահռչակմանը, պարբերաբար կազմակերպում   ցուցահանդեսներ` ընդգրկելով թե' ժամանակակից վարպետների և թե' թանգարանի ֆոնդերում պահպանվող ինքնատիպ ստեղծագործությունները:
  Թանգարանի բացառիկ նմուշները  ցուցադրվել են Ռուսաստանում, Մարոկկոյում, Հնդկաստանում, Գերմանիայում, Թունիսում, Սիրիայում, Գանայում, Եմենում, Բելգիայում, Նորվեգիայում, Մոզամբիկում, Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և այլուր:

Հասցե`   Երևան, Աբովյան 64
Հեռ.`       (+ 374 10) 56 93 80
Էլ. փոստ՝  info.folkartcenter@gmail.com
Կայք՝   www.cpc.am







2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: