ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ - VIP Catalog - VIP Catalog

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

  






  
Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի ազգային, պետական ու քաղաքական խոշորագույն գործիչ, ՀՀ Ազգային Հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2001 թ. հունվարի 9-ի N 9 որոշումով: Այդ որոշումը կայացվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում կատարված քաղաքական ահաբեկչության զոհ դարձած Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնելու, նրա կյանքն ու գործունեությունը, ապրած և աշխատած ժամանակաշրջանի պատմությունը ուսումնասիրելու և հանրահռչակելու նպատակով:

Թանգարանի գործունեության հիմնական ուղղություններն են` մշակութային, կրթական,գիտական,հրատարակչական:
Թանգարանն ունի հարուստ փաստավավերագրական նյութ` թանգարանի առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Դրանք փաստաթղթեր են, լուսանկարներ, տեսաֆիլմեր, ժամանակակիցների հուշեր, անձնական իրեր, կառավարական պարգևներ, տարբեր առիթներով բարեկամներից, գործընկերներից, ժողովրդից, այլ պետությունների ղեկավարներից և քաղաքական գործիչներից ստացած բազմաթիվ հուշանվերներ, արվեստի գործեր, օլիմպիական չեմպիոնների մեդալներ` նվիրած Կարեն Դեմիրճյանին և այլն: Թանգարանի ֆոնդում է պահվում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որն ընդգրկում է նաև նրա աշխատանքային օրագրերը, որոնք, գրառվել են, գրեթե առանց ընդհատումների, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատելու տարիներին և բացառիկ պատմական արժեք են ներկայացնում այդ շրջանի պատմության ուսումնասիրության համար: Գրառումները լույս են սփռում տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների, դեպքերի, քաղաքական, պետական, մշակույթի գործիչների հետ կապված բազմաթիվ ու բազմապիսի հարցերի վրա, որոնց մեծ մասը ժամանակին գաղտնիության քողով էին շղարշված:



                             Բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում Կարեն Դեմիրճյանի գրառումները ՙԱնավարտ մտքեր՚ պայմանական ֆոնդային անվանումով: Հեղինակը այդ գրառումները կատարել է, ըստ երևույթին, նպատակ ունենալով հետագայում հուշեր գրել, ինչը, ցավոք, չիրականացվեց: Այդ գրառումները բացառիկ արժեք են ներկայացնում մեր պետականության, պրակտիկայի ու տեսության, ազգային մի շարք կնճռոտ հարցերի վերլուծության իմաստով:
 Պատմամշակութային մեծ արժեք ունի ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի աշխատասենյակի կահույքը, որը ժամանակին (1950 թ.) պատրաստվել է ՀՍՍՀ Ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի նախագծով: Այդ կահույքն օգտագործվել է նույն աշխատասենյակում 1950 թ. մինչև 2005 թ. ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարների և ՀՀ Ազգային Ժողովի նախագահների կողմից: Կարեն Դեմիրճյանը այդ կահույքն օգտագործել է նաև այն ժամանակ, երբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահն էր (1999թ.):

Հազվագյուտ ցուցանմուշ է նաև Կարեն      Դեմիրճյանի 50-ամյակի առթիվ    Ամենայն
Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի նվիրած արծաթյա սկիհ և մակագրությունը, որն արձանագրում է Կարեն Դեմիրճյանի հայրենաշինական լայնածավալ գործունեությունը:

 Մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտության, գրականության ու արվեստի հայ և ռուս անվանի գործիչների` Կարեն Դեմիրճյանին նվիրած հեղինակային աշխատանքների, գրքերի ընծայագրերը:


Հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 002, Ղազար Փարպեցի 7
հեռ. 53-17-10, 53-55-21, 53-00-17,
էլ. փոստ: museum-ksd@rambler©ru

2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: